Category: Հրապարակումներ
Published on 13 August 2013
Print

Միջազգային իրավունքում այդպիսի հասկացողություն կա` Անկախություն հանրաքվեի ճանապարհով: Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ազատ Արշակյանը, Հարություն Մսրյանը, Գագիկ Մարգարյանը, Պարույր Հայրիկյանը և ուրիշներ, յուրաքանչյուրը տասնապետներ, առաջնորդներ, խորհրդի անդամներ, այդ հասկացողությանն հետամուտ 40 տարի առաջ` հանդիսանալով Ազգային միացյալ կուսակցության` ԱՄԿ-ի անդամներ Նավասարդյան տոնական օրը, որը 1973 թվականին համընկել է նաև սուրբ Աստվածածնի տոնին, հավաքվել են Գեղարդավանքի բարձունքում, կրակ վառել, գիշերել վանքում և սկիզբ դրել ուխտագնացության ու նպատակների իրագործման:

1002356_567885023257906_28572076_n

Նպատակների առաջին կետը, սակայն դեռևս ոչ ամբողջությամբ, ըստ Պարույր Հայրիկյանի, իրագործվել է, հանրաքվեի ճանապարհով Հայաստանը հռչակվել է անկախ պետություն: Սկզբունքը նոր էր թերևս միայն Սովետական միության համար, իսկ հայկական այս կուսակցությունից առաջ այն որդեգրել էին արդեն Լուկյանենկոն, Սախարովը …

Ինչու էր ընտրվել հատկապես այս օրերը` օգոստոսի 10 և 11, որովհետև Ղևոնդ Ալիշանը և նրանից առաջ էլի ուրիշներ արձանագրել են, որ Հայկի և Բելի կռվի օրն այդ օրերին է եղել, որը միևնույն ժամանակ մեր ազգի ծննդյան օրն է համարվում: <Լինելով քրիստոնեական կողմնորոշման հայ մարդիկ` մենք հիշում էինք նաև <Պատվիր ծնողներիդ> պատվիրանը: Եվ Աստված բարեհաճ եղավ մեր սկզբունքների նկատմամբ>,- մասնավորեց Պարույր Հայրիկյանը: իսկ ընտրվել է այս տարածքը, որովհետև սուրբ Գեղարդը, Ստեփանոսը, Հավոց թառը և հեթանոսական Գառնու տաճարը մեր հոգևոր ժառանգության կարևորագույն վկաներն են` տարբեր ժամանակներում:

DSC07616DSC07617

Ավանդույթների պահպանման և հավուր հիշատակի` անցած տոն օրերին ԱՄԿ-ի հետևորդ ԱԻՄ կուսակցականների մի խումբ հյուրընկալվել էր Գողթ գյուղում` Պարույր Հայրիկյանի տանը: Նրա այգում ծառերի չոր ճյուղեր կտրատելուց, կրակ վառելուց, Հայրիկյանի ձեռամբ ճաշ պատրաստելուց, ճաշակելուց, կիթառի հնչյունները վայելելուց, սիրառատ ու ավանդական հայկական սեղանի շուրջ սկզբունք դարձած յոթը կենացները խմելուց և կնոջ կերպարին ու սիրո խորհրդին յոթն անգամ երգի ու բանաստեղծության օգնությամբ մեծարելուց հետո, ուխտագնացության մասնակիցները շտապեցին նույն ժամին` ինչպես 40 տարի առաջ, լինել Գեղարդի բարձունքում: Ուղիղ կեսգիշերին պարանի օգնությամբ ու աստղազարդ երկնքի հրաշագեղ պատկերի ներքո բարձրացանք Գեղարդավանքի դիմացի բարձունքն ու քարաժայռի գագաթին Պարույր Հայրիկյանը վառեց ավանդական կրակը, տերունական Հայր մերը շշնջացինք, երգեցինք Հայոց ազգային օրհներգը ու նույնքան իծաշարուկ վայր իջանք բարձունքից: Սակայն դա դեռ ամենը չէր, հաջորդ օրը խոստացված էր և նախապատրաստված էինք գնալ Հավոց թառ եկեղեցին, որ Գեղարդի և Գառնու մեջտեղում տեղակայված Գողթ գյուղից պարզ երևում էր դիմացի բարձունքում: Այնժամ գնացել են նաև սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ հավաքվածներն այն տարիներին անգամ տարբերվել են խորհրդային երկրի հոմոսովետիկուսներից:

Ամբողջ գիշեր զվարճանալուց և խաղալուց հետո առավոտյան շարժվեցինք դեպի Հավոց թառ եկեղեցի, դրա համար հսկա ձոր պիտի հաղթահարեինք ու կտրուկ բարձունքը: Ընդամենը տիկնանցից երկուսը չհաղթահարեցին, մյուսներս հասանք այնտեղ, աղոթեցինք, մոմ վառեցինք, սպասեցինք մինչև մոտեցավ Պարույր Հայրիկյանը, ով էլ մեզ ուղեկցեց տեսնելու վանքի երբեմնի գրադարանն ու սեղանատունը, որն այսօր վայ հայերի ձեռամբ անասնատուն էր դարձել: Հիշեցինք, թե ինչպես շատերը գնում են Թուրքիա ու վերադառնալով ցավով արձանագրուոմ, թե նրանց ձեռքին մնացած եկեղեցիներում ինչպիսի դրություն է, մինչդեռ հենց մեր մոտ, Խոսրովի անտառում, որտեղ վանքի պատերի տակ զովին հանգիստ չէին տալիս անտառապահներն ու անտառապետը, թե որտեղից եք եկել, ինչ եք ուզում, ինչու չեք գրանցվել ուղեկալում և այլն անմիտ հարցերով հոգնեցնում էին միայն ու գերեվարեցին ռուս զբոսաշրջիկների, ովքեր էլ ուսապարկերն ուսած պարզապես հասել էին հայկական ուխտատեղի, ոչ միայն երկու կիսավեր եկեղեցիների միջնահատվածում աղբավայր էին դարձրել, այլև` սեղանատունը անասունների նստատեղ: Անսնանատեղ դարձած սրբավայրերի լուսանկարները տես` լուսանկարների ամբողջության մեջ:

DSC07624DSC07629DSC07631DSC07637

ԱՄԿ-ի անցած գործունեության և նպատակների իրագործման, ՊԱԿ-ի հետ հարաբերությունների, այսօրվա գերխնդիրների հետ աղերսների ու սփյուռքյան վախերի մասին զրուցեցինք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ:

ԱՄԿ առաջնորդը Հայկազ Խաչատրյանն էր, ով ինչպես հայտնեց Պարույր Հայրիկյանն, ամբողջությամբ վստահում էր իր առաջադրած սկզբունքներին և թուլատրել էր վարվել ինչպես հարմար է: Պարույր Հայրիկյանն էլ ընտրվել է կազմակերպության նախագահ, որի անդամները զուտ թռուցիկներ տարածելուց զատ անցել են ծրագրված գործունեության: Հետագա տարիներին` չնայած որ ԱՄԿ-ն ընդհատակյա կուսակցություն էր, նաև այս ուխտագնացության մասնակիցների թիվը բնականաբար ավելացել է, ինչպես որ ավելացել է կուսակիցների թիվը: Խորհրդի կազմն էլ է ընդլայնվել: Շատերն էին կարծում, որ ԱՄԿ-ի անունից են հանդես գալիս, որովհետև կոչ էին ստացել իրենց փոստարկղերում և կարդալով որոշել, որ հանդես են գալու ԱՄԿ-ի անունից:

Հարցրեցինք, թե իսկ այն տարիներին որքանով հաջողվեց զերծ մնալ ՊԱԿ-ի կողմից ընդհատակյա կուսակցությունում ներդրվածներից, ինչը Պարույր Հայրիկյանի կարծիքով, չի հաջողվել ՊԱԿ-ին: Միայն բացահայտված, ձերբակալվածներին էին փորձում ու երբեմն հաջողվում էր կոտրել: Թեև` ձերբակալվելուց հետո էլ կազմակերպության նպատակներն անգամ բանտում տարածել են: Ավելի մանրամասն ու անուններով պարոն Հայրիկյանը չցանկացավ այս զրույցի ու օրվա խորհրդի շրջանակներում մանրամասնել: Միայն հայտնեց, որ ԱՄԿ-ի ծրագիրն, օրինակ, իրենք խմբագրել են ԽՍՀՄ բանտում. <Տարիների հեռավորությունից երբ նայում եմ մեծ իմաստնություն կար. Անկախության հանրաքվեից հետո ժամանակավոր կառավարության ստեղծում, Սահմանադիր ժողովի միջոցով ժամանակավոր Սահմանադրության ընդունում, Սովետական միության գույքի վերաբաշխում, պահուստային ոսկու ստացում և այլն: Նախատեսված էր անգամ, որ եթե Անկախության հանրաքվեի միջոցով հաջողության չհասնեինք, ինչը մենք բացառում էինք, ապա ԱՄԿ-ն դրանից հետո պետք է լեգալանար և մասնակցեր Գերագույն խորհրդի ընտրություններին: Թեև` այսօր էլ նպատակներից միայն առաջինն է իրականացել, այն էլ` մասամբ, որովհետև պետականության վերականգնումն արտաքին քաղաքականության ճիշտ մարտավարությամբ պետք է շարունակվեր: Մինչդեռ` պարտադրված արցախյան ճակատամարտը դարձավ մարտավարություն և շատերը մոռացան մեր հիմնական խնդիրները: Մասնավորապես` հայ – թուրքական խնդիրները թուրքերը մեծ վարպետությամբ կարողացան տեղափոխել հայ – ադրբեջանական հարթություն և աշխարհին ներկայացնում են, որ իրենց կողմից Հայաստանի հետ սահմանի փակելը պայմանավորված է իբր Ադրբեջանի տարածքը օկուպացնելու հետ: Այս ամենը մեր իշխանությունների անգիտակցության, անօրինության, ծախվածության արդյունքն է, Ռուսաստանի խաղալիքը լինելու հանգամանքով պայմանավորված …>:

Հարցրեցինք նաև մեր ընթերցողների հետ` Մոսկվայում և Բոստոնում, հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդրի մասին, թե հնարավորինս լիակատար անկախության կամ` Ռուսաստանի ֆորպոստությունից հրաժարվելու պայմաններում Թուրքիան մի քանի ժամում կբնաջնջի Հայաստանը, իսկ այն տարիներին` 40 տարի առաջ, երբ իրենք հանրաքվեի միջոցով անկախություն էին երազում Հայաստանի համար, ինչպես էին պատկերացնում այս խնդրի լուծումը. <Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքում շարունակել ապրող սփյուռքահայերը թող իրենց անձնական խնդիրներով զբաղվեն: Որքան էլ որ սիրում եմ հայության համագործակցված գործելու գաղափարը, չեմ մոռանում, որ երբ անկախության գաղափարի համար արտաքսված էի, Սփյուռքում միայն 1 տոկոսի աջակցությունը ստացա, որն իհարկե շատ մեծ թիվ է, բայց ամբողջը չէ: Նույնիսկ շատ հայտնի դեմքերն, իմ կարծիքով` եթե ոչ անմիջական ՊԱԿ-ի, ապա ազդեցության գործակալներն էին: Ռուսաստանն այդպիսի ազդեցության գործակալների միջոցով մթագնում է ոմանց ուղեղները: Անգամ ժամանակին Եղեռնի հուշարձանը Երևանում կառուցելու համար և’ մտավորականությունն էր տոգորված, և’ Ռուսաստանն էր դա խրախուսում, որովհետև ուզում էին, որ լինի մի բան, որը հայերին մշտապես կհիշեցնի կոտորվելու վտանգի մասին ու զուսպ, խելոք կպահի, իրենցից կախյալ վիճակում: Մինչդեռ քաղաքացին պետք է հասկանա, որ անկախությունն ամենակարևորն է, իսկ խնդիրները` հաղթահարելի: Այսօր էլ, եթե դառնայի ՀՀ նախագահ, ապա կհայտարարեի, որ Ռուսաստան` սրանք են քո նպատակները, մենք դա գիտենք, բայց Հայաստանն առաջնորդվելու է արժեքներով, խնդրում ենք մեզ չխանգարել …>:

Ետդարձի ճանապարհին բոլորս հոգնած էինք, բայց լիցքավորված ու հավատով առլեցուն …

Հեղինակ` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ
Աղբյուր` mitk.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>